Նիկո՛լ, Տիգրան Մեծի ժամանակներում կար Իրանը, կային մարերը, պարսիկները, պարթևները, սկյութները, նաև աղվանները
18.02.2020 | 11:55
Իր ազգի և տարածաշրջանի պատմությանն այս աստիճանի անտեղյակ, այս աստիճանի տգետ լինելով, երկրի առաջնո՞րդը լինել… ՈՒ գնալ միջազգային կարևոր հարթակներում երկիրը ներկայացնելու՞… Ցանկացած երկրի ղեկավարի պարագայում դա անթույլատրելի և աններելի է, առավել ևս` գրեթե ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում գտնվող Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Արցախյան հիմնահարցի վերաբերյալ քննարկմանը մասնակցած Հայաստանի Հանրապետության ղեկավարի:
Թեև «թավշյա հեղափոխություն» կոչվածի արդյունքում ՀՀ վարչապետ դարձած Նիկոլ Փաշինյանի իմացության, գիտելիքների հարցում մեր հասարակության մի ստվար մասը երբեք պատրանքներ չի ունեցել, բայց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ նման պատասխանատու քննարկմանը մասնակցելուց առաջ, Փաշինյանը, որքան էլ անգետ, պարտավոր էր կերուխումերին մասնակցելու, պարելու, այստեղ-այնտեղ զվարճանալու փոխարեն, հավուր պատշաճի նախապատրաստվել քննարկմանը, դրա առնչությամբ խորհրդակցել մասնագետների հետ, համապատասխան գրքեր, գոնե դասագրքեր կարդալ, համացանցը քրքրել, գոնե Հայկական հանրագիտարանում և Վիքիպեդիա ազատ հանրագիտարանում հրապարակված տեղեկություններին ծանոթանալ:
Ադրբեջանի նախագահը փորձելով հիմնավորել, որ Ղարաբաղը Ադրբեջանինն է եղել և Ադրբեջանին է պատկանում, ադրբեջանական հող է, և նշելով, որ «այսօրվա Լեռնային Ղարաբաղի, այսպես կոչված, մայրաքաղաքը» կրում է անմեղ ադրբեջանցիների սպանած Ստեփան Շահումյանի անունը, ասաց. «Հարց. եթե Լեռնային Ղարաբաղը հինավուրց հայկական տարածք է, ինչո՞ւ այն չունի հինավուրց հայկական անվանում մայրաքաղաքի համար, որովհետև մայրաքաղաքի հին անվանումն է Խանքենդի` խանի գյուղ, և «Ստեփանակերտ» (Շահումյանի անունը Ստեփան է եղել, «կերտ»` հայերեն նշանակում է քաղաք) անվանադրվել է հայ բոլշևիկի անունով, որը կրկին ապացուցում է, որ պատմական հայկական ժառանգություն այդ տարածքներում չի եղել: Վերադառնամ այն կետին, որից սկսել եմ. պատմական այս հարցը կարևոր է, որպեսզի հասկանանք, թե ինչպես պետք է լուծել հակամարտությունը»:
ՈՒշադրություն դարձրեք Ալիևի ասածի հատկապես վերջին նախադասության վրա. Ադրբեջանի առաջնորդը հակամարտության լուծման համար կարևորեց պատմական հենքը, պատմական արդարության վերականգնումը, սակայն կիսաճշմարտությամբ արտահայտված կեղծիքը ներկայացրեց պատմական ճշմարտության տեղ` Փաշինյանին ակամայից ու հիմարաբար տալով հրաշալի զենք ու հնարավորություն իրեն քաղաքական, դիվանագիտական ու բարոյական առումներով «ասֆալտին փռելու, պատերին ծեփելու» համար:
Իսկ ինչպե՞ս վարվեց ՀՀ վարչապետը… Եթե ոչ դավաճանաբար կամ վախենալով, ապա Ալիևից էլ ավելի մեծ հիմարություն դրսևորելով կամ ուղղակի իր անգիտության պատճառով լռեց, չօգտվեց ընձեռված հնարավորությունից, չհակադարձեց Ադրբեջանի նախագահի բարբաջանքին, դրա փոխարեն նախընտրեց գլուխ գովել բանակցային գործընթացում իր իբր արած մինիհեղափոխություններով ու խոսել հակամարտության լուծման համար նոր մինիհեղափոխություններ իրականացնելու անհրաժեշտության մասին:
Կարելի է ենթադրել, որ առաջիկա այդ մինիհեղափոխություններից մեկն էլ ժողովուրդներին, այսպես ասած, խաղաղության նախապատրաստելու շրջանակներում, առանց ազատագրված տարածքներն Ադրբեջանին հանձնելու, Արցախի այդ շրջաններում կամ սկզբում դրանցից մեկում հակամարտության լուծմամբ «շահագրգիռ» միջազգային կազմակերպությունների ֆինանսավորմամբ նոր բնակավայրերի կամ եղած բնակավայրերում նոր տների կառուցումը, քիչ վնասված տների վերականգնումն է` ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակության համար, որպեսզի նրանք իրար հետ «քիրվայություն» անեն (հիշեցի՞ք Լ.Տ.Պ.-ին…), հայերը մոռանան ադրբեջանցիների գազանությունների, նրանց կողմից տարբեր բնակավայրերում ու բազմիցս իրականացված ցեղասպանությունների մասին:
Հասկանալի է, որ նման մինիհեղափոխության իրականացման դեպքում բուն նպատակը կամ հետևանքը լինելու է ադրբեջանցիների և հայերի միջև բախումը կանխելու համար այնտեղ միջազգային խաղաղարար ուժեր հրավիրելը, Արցախի Հանրապետության տակ դանդաղ կամ արագ գործողության ական դնելը, միաժամանակ Իրանի թիկունքում կամ Իրանի անմիջական հարևանությամբ Արևմուտքի կամ «միջազգային խաղաղարարներ» կոչվածի զինական ներկայությունն ապահովելը: Արցախի տարածք միջազգային խաղաղարարների մուտքը երաշխավորված կարելի է համարել նաև ադրբեջանցիների և հայերի միջև միանգամայն կանխատեսելի առաջին իսկ բախման, ադրբեջանական կամ արևմտյան սադրանքի դեպքում:
Նիկոլ Փաշինյանն այսպիսով Հայաստանի փաստորեն առաջին ղեկավարը հանդիսացավ, որն ընդունեց Ստեփանակերտի թուրքական անվանումը` Խանքենդի, բացարձակապես չընդդիմախոսելով Ալիևին, բառ իսկ չասելով այն մասին, որ 1847 թվականին Խանքենդի վերանվանված, 26 կոմիսարների առաջնորդ, Բաքվի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումյանի հիշատակը հավերժացնելու նպատակով, 1923 թ. Ստեփանակերտ վերանվանված ու պաշտոնապես քաղաքի կարգավիճակ ստացած բնակավայրի անվանումը Խանքենդիից առաջ եղել է Վարարակն, որ Արցախի ներկայիս մայրաքաղաքի տեղում, ի թիվս հայկական այլ գյուղատեղերի, եղել է ավելի քան 2000-ամյա պատմություն ունեցող հայկական Վարարակն բնակավայրը: Նշենք, որ վերջինս գտնվելով Կարկառ գետի վտակ Վարարակնի ձախ ափին, ստացել է նշված վտակի անվանումը, որը նշանակում է հորդաբուխ աղբյուր:
«Եթե միանգամից ասենք, որ Ստեփանակերտը պատկանում է աշխարհի ամենից հին բնակավայրերի թվին, գործին անտեղյակ մարդիկ կարող են զարմանքով հարցնել` այդ ինչպես, մենք գիտենք, որ այս քաղաքի նախակարապետը Վարարակն գյուղն է, հետո այդ գյուղի մոտ ստեղծվել է ռուսական զորանոց, որի շուրջը բնակվել են բանակին սպասարկող շուրջ 60 ընտանիքներ, բնակատեղին կոչելով Խանքենդի:
Այո, դա ճշմարտություն է, բայց դա Ստեփանակերտի տարածքի վերջին հարյուրամյակի համառոտ կենսագրությունն է: Մինչդեռ այս քաղաքը սփռված է վաղ միջնադարյան և միջնադարյան տասը գյուղատեղերի վրա, որտեղ կարելի է հաշվել ավերակ 10 եկեղեցի, հազարավոր խաչքարեր ու տապանաքարեր: Իրենց հերթին այդ գյուղերն ընկած են հայկական բնաշխարհին բնորոշ քարեդարյան, բրոնզեդարյան հնագույն մշակույթի տարբեր շերտերի վրա:
Ստեփանակերտի քարեդարյան, բրոնզեդարյան բնակատեղերի մասին բարձրաձայն խոսվել է դեռևս 18-րդ դարի վերջին քառորդում և 19-րդ դարի 30-ական թթ.: Սակայն խորհրդային տարիներին, սկսած 40-ականներից, այդ նյութերի մասին խոսելը որակվում էր նացիոնալիզմ: Բայց ինչպես կարող ես լռությամբ անցնել Վ. Բելքի, Ա. Իվանովսկու, Կ. Գանի, Լ. Հապոտի, Ի. Մեսչանինովի, Է. Ռելսերի, Յ. Հումելի և ուրիշ տասնյակ հնագետների կարծիքի կողքով, գիտնականներ, որոնց ընդունել են աշխարհի շատ ժողովուրդներ և նրանց միջոցով ճանաչել իրենց հայրենիքի անցյալը: Հենց այս գիտնականներն էլ Ղարաբաղի տարածքում հայտնաբերած հնագույն մշակույթը թվագրել են Վանի թագավորության ժամանակներին, որոնք ծագումով ու բովանդակությամբ հայկական մշակույթ են: Այս փաստի փայլուն օրինակներ է տվել Ստեփանակերտի հարուստ հնավայրը» (մեջբերումը` Ստեփանակերտի քաղաքապետարանի պաշտոնական կայքից http://www.stepanakert.am/?section=resources/index&type=4 ):
Բնականաբար հարց է առաջանում. Փաշինյանը, որն Արցախի, նույնիսկ նրա մայրաքաղաքի պատմությունը չգիտի, ինչպե՞ս, բարոյական ի՞նչ իրավունքով է մասնակցում Արցախի վերաբերյալ քննարկումներին ու բանակցություններին։ Թերևս մնում է հուսալ, որ վերոնշյալ և Արցախի հետ կապված այլ հարցերում Ալիևին իր տեղը չդնելը պայմանավորված է Փաշինյանի անգիտությամբ, Արցախի ու նրա մայրաքաղաքի վերաբերյալ անհրաժեշտ (որոշ դեպքերում` տարրական) տեղեկություններին չտիրապետելով, և ոչ թե ՀՀ վարչապետի դավադիր ու զիջողական քաղաքականությամբ, որպես նույն քննարկման ընթացքում նրա հայտարարած միկրոհեղափոխության դրսևորումներից մեկը:
Պատմությունից Փաշինյանի խայտառակ բոբիկությունն արտահայտվեց ոչ միայն Ստեփանակերտի` Խանքենդիից առաջ էլ հայկական բնակավայր լինելը, հայկական անվանում ունենալը չիմանալու հարցում:
Քննարկման ավարտին, արձագանքելով Ադրբեջանի նախագահի խոսքին, վարչապետ Փաշինյանն ասել է. «Պարոն նախագահ, այնքան էլ կառուցողական չէր, բայց ես կասեմ, որ Տիգրան Մեծի ժամանականերում մեր ամբողջ տարածաշրջանում ընդամենը երկու ազգ կար՝ հայեր և վրացիներ: Եվ ոչ միայն Տիգրան Մեծի ժամանակներում, այլ նաև Բագրատունիների, Արշակունիների ժամանակներում: Դա կարելի է գտնել պատմության ցանկացած գրքում»:
Նույնիսկ դպրոցականներին է հայտնի, որ մեր ամբողջ տարածաշրջանում է նաև Իրանը, և իրանական ժողովուրդները` մարերը, պարսիկները, պարթևները, սակերը (սկյութները), գոյություն են ունեցել և Տիգրան Մեծի ժամանակներում, և դրանից նույնիսկ առաջ, և դրանից հետո, Բագրատունիների, Արշակունիների ժամանակներում: Նիկոլ Փաշինյանը խայտառակ սխալ է թույլ տվել նույնիսկ այն դեպքում, եթե «մեր ամբողջ տարածաշրջան» ասելով, նկատի է ունեցել միայն Հարավային Կովկասը կամ Այսրկովկասը (թեև մեր ամբողջ տարածաշրջանն ամենևին, որևէ պարագայում չի սահմանափակվում սոսկ Հարավային Կովկասով կամ Այսրկովկասով), քանի որ Տիգրան Մեծի ժամանակներում հայերից ու վրացիներից բացի, գոյություն ունեին նաև, օրինակ, աղվանները:
Հուսանք, որ Փաշինյանի վերոնշյալ անհեթեթ հայտարարությունը վնաս չի պատճառի հայ-իրանական հարաբերություններին, եթե, իհարկե, Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությունը և ժողովուրդը չեն վարժվել, որ Փաշինյանի ոչ բոլոր հայտարարություններին պետք է լուրջ վերաբերվել:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու էր թրաշ պահել և ինչու սափրվեց Նիկոլը
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը-3
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը-2
- Իսրայելն անընդունելի պայմաններ է առաջադրել, արյունահեղությունը շարունակվում է
- Խոսելով Երրորդ համաշխարհայինի մասին, իշխանության գալով խաղաղության կարգախոսներով, Թրամփն ինքը կարող է սադրել Երրորդ համաշխարհայինը
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին. 4
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-3
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին-2
- Անթալիայի Բելեկում անհայտ ու հզոր վիրուսով հիվանդացության բռնկման ու շահագրգիռ կողմի հերքման խայտառակ փորձի մասին
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-18
- Արևմուտքում լսել են Պուտինի զգուշացումները, բայց հավանաբար ցանկանում են անտեսել դրանք
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-17
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-16
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-15
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-3
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը-2
- Բաքվին ավտոճանապարհ պետք չէ, Բաքվին Սյունիքն է պետք՝ խաղաղությամբ, կամովին հանձնելու դեպքում, իսկ եթե ոչ, պատերազմի դեպքում՝ ողջ Հայաստանը
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-14
- Բանսարկու և սուտ մատնության հեղինակ «Լաուռա Արզաքանցյան» կոչվածի նկատմամբ հանցագործության մասին հաղորդումը ներկայացվեց ոստիկանություն
- Հրեական պետությունը մեծ պատերազմ է սադրում Մերձավոր Արևելքում ու, թերևս, ողջ աշխարհում-13
Մեկնաբանություններ